Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես ցուցահանդես եմ անում, աղջի՛կ»

«Ես ցուցահանդես եմ անում, աղջի՛կ»
11.12.2012 | 17:34

Հայաստանի տարբեր մարզերից Երևանի պատմության թանգարան տեղափոխված հուշարձանների ճակատագիրն այսօր բուռն քնարկման արժանացավ պատմական հուշարձանների պահպանության ակտիվիստների, մշակույթի նախարարության ներկայացուցիչների և Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի կողմից:

Բանն այն է, որ կառավարության` այս տարվա սեպտեմբերի որոշմամբ Հայաստանի պատմության թանգարան են տեղափոխվել 51 հուշարձաններ, այդ թվում` խաչքարեր, վիշապաքարեր, տապանաքարեր: Նրանք չորս տարի պետք է մնան թանգարանում` վերանորոգվեն, ամրացվեն, այնուհետև նորից վերադարձվեն:
Հուշարձանների պահպանության ակտիվիստները ոչ միայն դեմ են հուշարձանների տեղափոխման ծրագրին, այլև իրենց «մեղադրականում» նշեցին, որ կառավարությունը «հետին» նպատակներ է հետապնդում այս քայլին գնալով, ուստի պետք չէ վստահել նրա խոսքին: Որպես հիմնավորում նրանք օրինակներ բերեցին, նշելով, որ եղել են դեպքեր, երբ վերանորոգման նպատակով մի քանի տարի առաջ Երևան տեղափոխված
հուշարձանները անհետ կորել են: Հուշարձանների պահպանության նախաձեռնության ակտիվիստներին հավատ չեն ներշնչում ո՛չ կառավարության, ո՛չ էլ Անելկա Գրիգորյանի խոստումներն ու պատճառաբանությունները: Նրանք հիշեցին հանրային խորհրդից մի դրվագ (հուշարձանների խնդրի քննարկման ժամանակ), որտեղ հարց է ուղղվել թանգարանի տնօրենին` արդյո՞ք չորս տարի հետո հուշարձանները կվերադարձվեն իրենց նախկին տեղը, վերջինս պատասխանել է. «Դե, կտեսնենք, կյանք է, ինչպես կդասավորվի, այնպես էլ կանենք»: «Պետությունը եթե մտահոգված է դրանց անմխիթար վիճակով, թող տեղում վերանորոգման աշխատանքներ տանի, ոչ թե հազարավոր կիլոմետրեր կտրի, բերի հասցնի Երևան: Երբ գնում ես որևէ տեսարժան վայր, հուշարձանների վրա գրված է`«Հուշարձանը պահպանվում է պետության կողմից»: Բայց բոլորս գիտենք` դրանց մեծ մասն անմխիթար վիճակում են այսօր: Եթե արժեքավոր են այդ հուշարձաններն ու կոթողները, ինչո՞ւ են այդքան անմխիթար վիճակում: Պատճառը մեկն է ` փող չկա։ Եթե վերանորոգման համար փող չկա, ի՞նչ նպատակով եք տեղափոխել այստեղ»,- հարցնում է ակտիվիստ Ռուբեն Բաղդիշյանը:
Անելկա Գրիգորյանի խոսքով, իրենք փրկել են այդ հուշարձանները, և բողոքելու փոխարեն պետք է շնորհակալ լինել: Իսկ առհասարակ, նա այն համոզմունքին է, որ «պետությունն ինքն է որոշում` ինչպես օգտագործել իր սեփականությունը»: Այս մտքի հետ չհամաձայնեցին գրեթե բոլոր ներկաները` հակադարձելով, որ հուշարձանները ոչ թե պետության սեփականությունն են, այլ հանրության, հայ ժողովրդի, և այս ծրագիրն իրականացնելուց առաջ պետք էր նախևառաջ հասարակական լայն քննարկման դնել խնդիրը:
Միևնույն է, տիկին Գրիգորյանին վրդովեցնում էր հատկապես այն հարձակվողականությունը, որ նկատելի էր ակտիվիստների կողմից:
«Այս հարցին այնպես ծանր եք վերաբերվում, կարծես ոչ թե Հայաստանի պատմության թանգարան են տեղափոխվել, այլև Թուրքիայի: Ի՞նչն է վատ, ինչի՞ց եք դժգոհ։ Վա՞տ է, երբ բզկտված, տրորված արձանների բեկորները տեղափոխել ենք թանգարան: Վա՞տ է, երբ ուզում ենք մեր ունեցածը ճանաչելի դարձնել հասարակությանը: ՉԷ՞ որ դրանով են ճանաչում մեր պատմությունը»:
Արդյո՞ք չորս տարին շատ չէ հուշարձանների վերանորոգման համար: Կամ` այդ անշարժ հուշարձանները չե՞ն վնասվում տեղափոխումից. տիկին Գրիգորյանը բառացիորեն այսպիսի պատասխան տվեց. «Դա երկարատև աշխատանք է պահանջում։ Կլինի անշարժ, թե շարժական, հասկացե՛ք, մենք ունենք կառավարության որոշում` պետք է բերել, և մենք բերել ենք, մենք պարտավոր ենք ենթարկվել այդ որոշմանը»:
Սոֆյա Հովսեփյանի այն անհանգստությանը, թե մարզերը զրկվում են արձաններց, հնչեց պատմության տնօրենի կոշտ պատասխանը. «Ես ցուցահանդես եմ անում, աղջի՛կ»:
Նշենք, որ 2013 թվականի մարտի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի մեծ ցուցահանդես, որտեղ ի ցույց կդրվեն մարզերից տեղահանված բոլոր հուշարձանները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ